Արմենպրես. Նոր լոգոյով ու բրենդինգով Հանրային ռադիոն սկսում է իր երկրորդ դարը

  • Գլխավոր
  • Այլ ԶԼՄ-ներ
  • Արմենպրես. Նոր լոգոյով ու բրենդինգով Հանրային ռադիոն սկսում է իր երկրորդ դարը

Հայաստանի հանրային ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100 ամյակը, որը տոնելու է բազմաժանր միջոցառումներով։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիրը։ Հոբելյանի շրջանակներում հանրությանը կներկայացվի նաև ռադիոյի նոր լոգոտիպն ու բրենդինգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը շնորհավորեց ռադիոունկնդիրներին, Հանրային ռադիոյի աշխատակիցներին։

«Հանրային ռադիոն, լինելով հայկական ռադիոյի իրավահաջորդ, պատմական տարբեր շրջաններում միշտ հավատարիմ է մնացել իր առաքելությանը։ Ռադիոն ամենամոգական հեռարձակվող լրատվամիջոցն է։ Մեր երազանքն է, որ մեզ մոտ վերազինում լինի և բարեբախտաբար, կառավարության օգնությամբ մենք կփորձենք այս տարի ստեղծել առնվազն երկու նոր տաղավար , փոխել մյուս տաղավարների տեխնիկան»,-ասաց Քոլոյանը։

Հայկական Ռադիոյի 100 ամյակի PR պատասխանատու Էդգար Ամիրխանյանն էլ հավելեց, որ տոնական միջոցառումները 16-ով չեն սահմանափակվելու։

«Արդեն իսկ եթերում կան բազմաթիվ այլ հաղորդաշարեր և նախաձեռնություններ, որոնք պատմում են հանրային ռադիոյի դերի, նշանակության և արժևորման մասին։ 16-ն ընտրել ենք բազմաթիվ միջոցառումներից։ Դրանցից մեկը մեծ մեդիակոնֆերանսն է, որը մեկ հարկի տակ կհավաքի Եվրոպական հեռարձակողների միության բազմաթիվ անվանի ռադիոկայանների ղեկավարների, լրագրողների»,-ասաց Ամիրխանյանը, հավելելով, որ 100-ամյակի միջոցառումների բացման պաշտոնական հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 22-ին՝ Ռադիոտան բակում։

Հանրային ռադիոյի 100-ամյակի շրջանակներում սպասվում են նաև համերգներ, ֆիլմի պրեմիերա, կթողարկվեն հոբելյանական նամականիշ և հուշամեդալ։ Բացի այդ՝ քաղաքի զբոսաշրջային առանցքային վայրերից մեկում կտեղադրվի ինտերակտիվ ռադիոտաղավար, Ռադիոտան մուտքն էլ կթարմացվի նոր պաստառով, որը կդառնա հոբելյանական տարվա յուրօրինակ այցեքարտը։

Հայաստանի հանրային ռադիոն եթեր է հեռարձակվում 1926 թվականի սեպտեմբերի 1-ից։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1249632